Չինաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում՝ հետագա էսկալացիան կանխելու և հակամարտության տարածումից խուսափելու համար` մարտի 8-ին Պեկինում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին: «Այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր, և այն ոչ մեկին օգուտ չի բերում։ Զենքի ուժը խնդիրների լուծում չէ, իսկ մարտական գործողությունները նոր ատելություն են ծնում և կարող են միայն սրել առանց այդ էլ լարված իրավիճակը»,- հավելել է Չինաստանի դիվանագիտության ղեկավարը:               
 

Բաքվի սցենարից՝ երևանյան բալագան, կամ՝ տարվա «5-րդ եղանակի» վախճանը

Բաքվի սցենարից՝ երևանյան բալագան, կամ՝ տարվա «5-րդ եղանակի» վախճանը
08.03.2026 | 19:42

Բաքվի բռնապետի ուղիղ հրահանգով անսպասելի «վախճանվեց» 2026-ի գարունը։

Չարագործի կամոք այս անգամ «ողբերգականորեն» ընդհատվեց փթթուն մի սեզոն։

Դառնանք ու «Տե՜ր ողորմյա» ասենք վեցօրյա տարիքում «գլխատվածին», որն այդպես էլ չհասցրեց վայելել բնությունից սահմանված իր եռամսյա կյանքը։

Ադրբեջանում անակնկալ սկսվեց տարվա 5-րդ «եղանակը»՝ քաղաքական ֆենթըզին՝ խտացած լրտեսական թրիլլերին հատուկ սուր դրվագներով։

Ժանրի կանոններին հավատարիմ՝ նավթադոլարներով սնվող քարոզչամեքենան ու լրատվական գործակալությունները, ակնհայտ դեզինֆորմացիայի անակնկալ արտահոսքով, վերածվել են լարվածության ու վախի միջավայր կառուցող պրոֆեսիոնալ ճարտարապետների և թատերական-կինեմատոգրաֆիական սցենարիստների։

Ինչպես կասեր Հայաստանի թիվ մեկ ամուրին՝ «օդից կախված լուրերի համաձայն», ալիևյան հատուկ ծառայությունների վարկածով՝ ԻՀՊԿ ինչ-որ խորհրդավոր «գործակալներ» դաժան ահաբեկչությունների ֆանտաստիկ շղթա են ծրագրել։

Ընդ որում, թիրախների ընտրությունը կատարված է այնպիսի «ճշգրտությամբ», որ սյուժետային պլանը հաճելի լինի և՛ Վաշինգտոնին, և՛ Թել Ավիվին։

Հետաքրքիր են վկայակոչվող նշանակետերը․

ա) Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ,

բ) Իսրայելի դեսպանատուն (աշխարհաքաղաքական սուր շեշտադրմամբ),

գ) լեռնային հրեաների համայնքի ոմն առաջնորդ,

դ) անգամ՝ «Աշքենազի» սինագոգը։

Միջազգային հանրությանը մատուցված այս դետեկտիվն արկածային, լրտեսական ու սարսափի տարրերով հագեցած հոլիվուդյան սցենար է, որն ուրվագծում է մահացու վտանգ և գանգստերական հանցագործություններ։ «Վնասազերծված» տեռորիստները, իբր, կործանարար սպառնալիք են եղել այնքա՜ն «խաղաղասեր», «ժողովրդավար» և «պացիֆիստ» Իլհամ Հեյդարովիչի բռնապետության համար։

Սակայն քաղաքական այս «բլոկբաստերի» փակագծերում ակնհայտ է շատ ավելի պարզ ու վտանգավոր նպատակ․ լեգիտիմացնել սեփական սադրանքները և տեղեկատվական ծուղակ ստեղծել Հայաստանի համար։

Բաքուն հայտարարում է, թե Երևանն աջակցում է իր հակաիրանական գործողություններին, իսկ Հայաստանի ԱԳՆ-ի քար լռությունը վերածվում է մեղսակցության՝ այրելով Թեհրանի հետ վերջին կամուրջները։

Ներկայացված դրվագները, որքան էլ անհավատալի թվա, նույն փազլի սինքրոն տարրերն են։

Մի կողմից՝ Բաքուն հրապարակավ «շնորհակալություն» է հայտնում Հայաստանին իր հակաիրանական արկածախնդրությանն աջակցելու համար, մյուս կողմից՝ վարչախումբը շրջում է մարզերում՝ թմբուկի փայտիկներն ու կադաստրի «թղթե քարտեզը» կրծքին սեղմած։

Պատումն առավել պրիմիտիվ ու քմծիծաղ առաջացնող երանգներ է ստանում այն պահին, երբ, ըստ անգրագետ սցենարի, ոսկեգույն թղթի կտորը որպես «մասունք» նվիրվում է (ինչպես «Տերն ու ծառան» հեքիաթում է ասվում) «առաջին իսկ պատահածին» կամ ամրացվում վարագույրին՝ մանկան օրորոցի հարևանությամբ։

Մատուցվող բալագանը ոչ թե զուգադիպություն է, այլ մեկ ընդհանուր գործարքի երկու տարբեր արարները։

Մինչ Բաքուն միջազգային հարթակում քանդակում է «տեռորիզմի դեմ պայքարողի» իր կեղծ կերպարը, երևանյան կուլիսներում զբաղված են այդ նույն բեմադրությունը «տեղական պայմաններին» հարմարեցնելով։

Եթե ալիևյան կլանը հոլիվուդյան թրիլլերներ է հորինում՝ Իրանի հետ կամուրջներն այրելու համար, ապա Երևանն իր «կադաստրային» մոլուցքով հետևողականորեն քանդում է պետականության վերջին հենասյուները։

Սա նույն փորձանոթում սինթեզված երկու գործընկերների սինքրոն աշխատանք է, որտեղ մեկը ստեղծում է վախի մթնոլորտը, իսկ մյուսը՝ այդ վախի ներքո հանրությանը հրամցնում է հերթական զիջումն ու «ոսկեգույն թղթի» փրկչական լեգենդը։

Թրքահոտ քարտեզը կրծքին փակցնելով և Կաթողիկոսին ուրանալով՝ վարչապետ կոչեցյալն ի ցույց է դնում իր պատրաստակամությունը՝ զոհաբերելու ամեն ինչ՝ հոգևոր արժեքներից մինչև աշխարհաքաղաքական շահեր, միայն թե տեղավորվի այն նեղ սահմանների մեջ, որն իր համար գծվել է Բաքու-Անկարա թռիչքուղում։

Հանրությանը մատուցվող այս պրիմիտիվ շոուն ընդամենը ծխածածկույթ է։ Մինչ 2 միլիոն 299 հազար վարչապետերը քննարկում են քարտեզի ձևն ու նվիրելու աբսուրդը, «փակ դռների հետևում» Հայաստանը հետևողականորեն ներքաշվում է ուրիշի պատերազմների մեջ, որտեղ մեզ սպասվում է միայն պարտություն և մեկուսացում։

Այսպիսով, Բաքվի «շնորհակալությունը» մեդալի մի կողմն է, իսկ երևանյան «թղթե քարտեզը»՝ մյուսը։ Մեկը մեզ զրկում է արտաքին հենարանից, մյուսը՝ ներքին ինքնությունից։ Սա միասնական ծրագիր է՝ Հայաստանը վերածելու անդեմ, անհոգի և անպաշտպան հողակտորի, որի միակ «ինքնիշխանությունը» մնալու է կրծքին փակցված թղթի կտորը։

Սակայն ոսկեգույն այդ գրոշանոց պատառով միայն էժան բեմականացմանդ խղճուկ հանդերձները կկարես։

Ճիշտ է՝ այսօր կարող ես օրորոցը զարդարել պատրանքներով, բայց երբեք չես կարողանա լռեցնել այդ ճոճքում պառկածի վաղվա պահանջատիրությունը։

Կադաստրային և ոչ մի խորամանկությամբ հնարավոր չէ փրկել մի ռեժիմ, որն արդեն իսկ ստորագրել է սեփական հոգեվարքի տակ։ Ազգային ինքնությունն ու 1725-ամյա հավատն աճուրդի հանած իշխանությունը դատապարտված է։

Ինչպես Հեյդարիչի կամոք «մահկանացուն կնքած» 2026-ի գարունը, այնպես էլ սրանց բեմադրած «5-րդ եղանակը» մոտենում է իր տրամաբանական վախճանին։

Պատմությունը դաժան է նրանց հանդեպ, ովքեր պետականությունը շփոթում են բալագանի, իսկ Հայրենիքը՝ թղթի կտորի հետ։

Զգուշացե՛ք, վարագույրն իջնում է։

Մահախոսականն էլ արդեն գրված է։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ